Հետաքրքիր փաստեր հանրաճանաչ և սիրված ցանցային դիտարկիչ Firefox-ի մասին: Ուրիշ ի՞նչ նորարարական նախագծեր են ստեղծվել Mozilla ընկերության կողմից:
Firefox ցանցային դիտարկիչն առանձնահատուկ դեր ունի JavaScript ծրագրավորման լեզվի երկրպագուների համար։ Որպեսզի հասկանանք, թե ի՞նչու, պետք է ծանոթանանք Mozilla ընկերության պատմությանը։ Հետաքրքիր է, որ ընկերությանը կից գոյություն ունի նաև հիմնադրամ, որը զբաղվում է համացանցում ընտրության ազատության և նորարարությունների ստեղծման ու առաջ մղման խրախուսմամբ։
Mozilla ընկերությունը ստեղծվել է Netscape Communications ընկերության փլատակների վրա և հանդիսանում է նրա անմիջական ժառանգորդը։ Netscape Communications-ը 90-ականներին բարձր տեխնոլոգիաների ոլորտում նորարարական հայտնի ընկերություն էր, այստեղ է ստեղծվել առաջին ցանցային դիտարկիչներից մեկը՝ Mosaic-ը, որը հետագայում վերանվանվեց Netscape Navigator-ի։
Ասում են, որ համացանցի դարաշրջանը բաժանվում է 2 մասի՝ մինչև Mosaic ցանցային դիտարկիչը և դրանից հետո։ Անվճար տարբերակի առկայությունը, ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսը և հուսալիությունը նպաստեցին Mosaic դիտարկիչի չափազանց բարձր հանրաճանաչությանը։ Ի դեպ այն նաև առաջին դիտարկիչն էր, որ նկարները պատկերում էր հենց տեքստի՝ այլ ոչ թե առանձին պատուհանի մեջ։
Այս ընկերությունում 1995 թվականի ապրիլ ամսին աշխատանքի ընդունեցին Բրենդան Այքին, և կարճ ժամանակ անց նրա առջև խնդիր դրվեց ստեղծել նոր, «թեթևքաշային» ծրագրավորման լեզու, որի օգնությամբ հնարավոր կլիներ ազատորեն մանիպուլյացիաներ անել HTML էլէմենտների հետ՝ կայքերին հաղորդելով դինամիկություն և ինտերակտիվություն։ Եվ ստեղծվեց JavaScript ծրագրավորման լեզուն, որին հետո վիճակված էր դառնալ ամենաճանաչված և սիրված ծրագրավորման լեզուներից մեկը։
Հենց Բրենդան Այկի կողմից էլ ստեղծվեց JavaScript լեզվի՝ պատմության մեջ առաջին ինտերպրետատորը՝ SpiderMonkey-ին, որը մեծ կառուցվածքային փոփոխությունների և թարմացումների ենթարկվելուց հետո, այժմ էլ օգտագործվում է Firefox ցանցային դիտարկիչի մեջ։
Նույն ժամանակաշրջանում Microsoft կորպորացիան նույնպես սկսել էր իր սեփական ցանցային դիտարկիչի ստեղծման աշխատանքները։ Նրանք պատճենեցին Netscape Navigator-ի կողմից առաջին անգամ օգտագործված մի շարք նորարարություններ, և ստեղծեցին անգամ JavaScript ծրագրավորման լեզվի սեփական տարբերակը՝ JScript-ը, որն անվանվեց այդպես, քանի-որ JavaScript ապրանքային նշանը գրանցված էր Sun Microsystem ընկերության կողմից, և նրա օգտագործումը կարող էր հեղինակային իրավունքների խախտում համարվել։
Չնայած այդ ամենին, Netscape Navigator-ը հիմնականում ավելի առաջավոր և զարգացած ցանցային դիտարկիչ էր և մի շարք պարամետրերով գերազանցում էր Microsoft-ի ստեղծած Internet Explorer-ին։ Սակայն Microsoft ընկերությունը Internet Explorer դիտարկիչը ներառեց Windows օպերացիոն համակարգի հետ անվճար տրամադրվող ծրագրերի փաթեթի մեջ (Թեև անվճար բառը այստեղ այնքան էլ տեղին չէ, ավելի շուտ այդ «անվճար» ծրագրերի փաթեթի գինը արդեն ներառված էր օպերացիոն համակարգի գնի մեջ)։ Բացի դրանից դիտարկիչը նաև ավտոմատ թարմացումների էր ենթարկվում, առանց օգտագործողի իմացության, իսկ այդ հնարավորությունը Netscape Navigator-ի մոտ բացակայում էր, և օգտատերերը հաճախ տարիներով օգտագործում էին հին տարբերակները՝ գաղափար անգամ չունենալով, որ պետք է ժամանակ առ ժամանակ ստուգել թարմացումների առկայությունը։
Քանի-որ Windows-ը օպերացիոն մյուս համակարգերի հետ համեմատած համարյա թե մոնոպոլ դիրք ուներ, Microsoft-ի ագրեսիվ քաղաքականությունը բերեց նրան, որ Netscape Communications-ը վերջնականապես սնանկացավ և սկսած 1998 թվականից, նրանք որոշեցին իրենց դիտարկիչի աղբյուրային կոդը սարքել բաց և տարածել ազատ լիցենզիայով։ Իսկ Internet Explorer ցանցային դիտարկիչը 90-ականների վերջին ու 2000-ականների սկիզբին հասավ իր հանրաճանաչության պիկին, և համացանցից օգտվողների մինչև 92%-ը դա էր օգտագործում։
Հենց Netscape Communications-ի փլատակների վրա էլ կազմավորվեց նոր ընկերությունը՝ Mozilla-ն։ Ի դեպ Mozilla-ն Netscape Navigator դիտարկիչի կոդային անվանումն էր։ Նորաստեղծ ընկերությունում, որի աշխատակիցները հիմնականում սնանկացած Netscap Communications-ից էին, ձեռնամուխ եղան նոր դիտարկիչի ստեղծման աշխատանքներին։ Այն ստեղծվեց Gecko շարժիչի հիման վրա և սկզբում անվանվում էր Fenix (Փյունիկ), հետո անվանվեց Firebird (երևի ի նկատի են ունեցել «հրեղեն հավքին» 😄), և ապա Firefox: Անվանման բազմակի փոփոխությունները կապված էին նրա հետ, որ արդեն գոյություն ունեյին նմանատիպ գրանցված ապրանքային նշաններ, և հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ էին առաջանում։ Վերջնական տարբերակի համար որպես անվանում ընտրվեց չինարենում տարածված իդիոմի բառացի անգլերեն թարգմանությունը, որը կարելի է հասկանալ որպես հրեղեն կամ շիկակարմիր աղվես, որն էլ հենց պատկերված է լոգոտիպի վրա (Որոշ աղբյուրներում նշվում է, որ դա ոչ մի աղվես էլ չէ, այլ կարմիր գրքում գրանցված կարմիր պանդա 😄)։
Դիտարկիչի առաջին տարբերակը թողարկվեց 2002 թվականի սեպտեմբերի 23-ին։ Այն սկսեց հաջողությամբ մրցակցել թե՛ Internet Explorer-ի և թե՛ նորվեգական Opera Software ընկերության թողարկած Opera դիտարկիչի հետ, որը նույնպես նորարարություններով հայտնի և սիրված էր։
Իսկ Internet Explorer-ը շարունակում էր գերիշխող դիրքեր ունենալ շուկայում և մրցակցությունից դուրս էր, այդ իսկ պատճառով ոչ մի նորարարություն չէր իրականացվում, թարմացումները սկսեցին չափազանց ուշ ուշ անել, և այն այնքան հետ մնաց Firefox-ից և Opera-ից, որ այդ ժամանակներում անեկդոտ կար նույնիսկ․
-Windows օպերացիոն համակարգը նստեցրել ե՞ս, այժմ գործարկիր Internet Explorer-ը -Իսկ դա ի՞նչ է -Դե այդպիսի ծրագիր կա, Firefox կամ Opera ներբեռնելու համար 😄
Firefox-ի մի շարք նորարություններ ներդրվեցին ապագայում ստեղծվելիք Google Chrome դիտարկիչի մեջ, և JavaScript լեզվի ֆանտաստիկ արտադրողականություն ունեցող ինտերպրետատորի՝ V8-ի հետ միասին հետագայում ապահովեցին նոր գիգանտի հաղթարշավը։ Ի դեպ Google Chrome դիտարկիչի մշակման աշխատանքներով զբաղվող խմբի կորիզը հենց Firefox դիտարկիչը ստեղծած Mozilla-ի աշխատակիցների՝ Google կորպորացիա տեղափոխված թիմն էր։
Նշենք, նաև որ Firefox դիտարկիչի մեջ էլ կիրառվել են նորարարություններ, որոնք առաջին անգամ հայտնվել են Google Chrome-ի մեջ։ Մասնավորապես մեծ փոփոխություններ են կատարվել JavaScript-ի ինտերպրետատորը հանդիսացող և դեռևս Բրենդան Այկի կողմից ստեղծված SpiderMonkey-ի կառուցվածքում՝ հիմնվելով V8-ում առաջ քաշված մի շարք գաղափարների վրա։ Մասնավորապես սկսած 2010 թվականից JaegerMonkey մոդիֆիկացիայում ավելացվեց JIT կոմպիլյացիայի հնարավորություն՝ մի քանի անգամ բարձրացնելով շարժիչի արագագործությունը։
Firefox-ը չափազանց սիրված է վեբ ծրագրավորողների կողմից նաև կայքերի պատրաստման ժամանակ օգտագործվող դեբագգինգի ներդրված գործիքակազմ ունենալու պատճառով։ Google-ի Chrome DevTools-ից դեռևս շատ տարիներ առաջ Firefox-ի մեջ ստեղծվել էր ծրագրավորողների համար նախատեսված գործիքակազմ, կայք պատրաստելը վեբ ծրագրավորողի համար հեշտացնելու նպատակով։ Թեև ժամանակակից գրեթե բոլոր դիտարկիչներն ունեն այդպիսի գործիքակազմ, Google Chrome-ինը և Mozilla Firafox-ինը համարվում է լավագույնը։
Netscape Communications-ում և նրա ժառանգորդը հանդիսացող Mozilla ընկերությունում ստեղծվել են ոչ միայն JavaScript ծրագրավորման լեզուն և Firafox դիտարկիչը, այլ նաև մի շարք այլ նորարարություններ, որոնք հիմնովին փոխել են համացանցը։ Ծանոթանանք դրանցից մի քանիսին՝
-
HTML5 - Իհարկե միայն Mozilla ընկերության շնորհիվ չէ այն ստեղծվել և զարգացել, մասնակցել են նաև Apple, Opera Software և մի շարք այլ բարձր տեխնոլոգիական ընկերություններ, սակայն Mozilla-ի դերը նշանակալի է եղել համոզելու, որպեսզի համացանցի տարբեր տեխնոլոգիաների ստանդարտացմամբ զբաղվող կազմակերպությանը՝ W3C-ն՝ HTML և XHTML նշագրման լեզուների միջև ընտրութուն կատարելիս շարժվի հենց HTML-ի զարգացման ուղղությամբ։
-
MDN (Mozilla Developer Network) - Այս ռեսուրսին ծանոթ են բոլոր վեբ ծրագրավորողները, և առանձնապես ներկայացնելու կարիք չկա։ Այն վեբ ծրագրավորողի վիքիպեդիան է, և այստեղ կարելի է գտնել բոլոր հարցերի պատասխանը HTML-ի, CSS-ի, JavaScript-ի և նրանց հարակից տեխնոլոգիաների մասին։
-
Asm.js - Սա կարելի է համարել JavaScript-ի օպտիմալացված տարատեսակ, որը հնարավորություն է տալիս աշխատել ստատիկ տիպավորման հնարքներ կիրառելով։ Այդ էքսպերիմենտների արդյունքում ի վերջո ծնվեց համացանցի ժամանակակից ամենահզոր նորարարություններից մեկը՝ WebAssembly-ին, որը հնարավորություն է տալիս C/C++, Rust և մի շարք այլ ծրագրավորման լեզուներով ստեղծել և JavaScript-ի միջավայրում գործարկել վեբ հավելվածներ, որոնք իրենց արագագործությամբ չեն զիջում դեսքթոփային հավելվածներին։
-
Rust - Ստատիկ և խիստ տիպավորմամբ ծրագրավորման լեզու է, որը հատկապես դուր է գալիս C++, Java ծրագրավորողներին, ովքեր գտնում են, որ օբյեկտ կողմնորոշված ավանդական լեզուները չափազանց «ծանրքաշային» են։ Չնայած որ այն հանրաճանաչ չէ, և անգամ տարբեր վարկանիշների լավագույն տասնյակում չկա՝ Stack Overflow-ի հարցումներով ամենասիրված ծրագրավորման լեզուների հիթ շքերթում առաջին տեղն է զբաղեցնում սկսած 2016 թվականից անընդմեջ։
Mozilla ընկերությունն ահռելի դեր է խաղացել համացանցի կայացման և զարգացման գործում և իր նորարարություններով կարող է համեմատվել բարձր տեխնոլոգիական գիգանտների՝ Google-ի, Apple-ի կամ Microsoft-ի հետ։ Ցավոք ընկերությունը ներկայումս գտնվում է ծանր ճգնաժամի մեջ, նրանք արդեն լուծարել են այն թիմը, որը զբաղվում էր Firefox դիտարկիչի՝ Rust ծրագրավորման լեզվով գրվող նոր Servo շարժիչի ստեղծմամբ։ Լուծարվել են նաև Firefox-ի՝ վեբ ծրագրավորողների համար նախատեսված գործիքակազմի բարելավմամբ զբաղվող, ինչպես նաև MDN-ի թիմերը։ Ընդհանուր առմամբ անցնող 2020 թվականին կրճատվել է աշխատակիցների շուրջ 1/3-ը։
Ի դեպ զարմանալի փաստ՝ Mozilla ընկերության եկամուտների 90%-ից ավելին գոյանում է իր հիմնական մրցակից Google ընկերության հետ համագործակցությունից։ Firefox դիտարկիչում որպես հիմնական որոնողական համակարգ Google-ի օգտագործման դիմաց, կորպորացիան տարեկան ընկերությանը վճարում է շուրջ 400 մլն $, և չնայած Firefox-ի դիրքերը գնալով թուլանում են, այնուամենայնիվ Google-ը պայմանագիրը պատրաստակամորեն թարմացնում է։ Շատերը կարծում են, որ Google-ն այդպիսով օգնում է ընկերությանը վերջնականապես չսնանկանալ՝ իր վրա հակամոնոպոլիստական մարմինների ուշադրությունը ևս մեկ ավելորդ անգամ չգրավելու նպատակով։
Ժամանակ առ ժամանակ Google-ից կախվածությունը թուլացնելու համար Mozilla-ն փորձում է տարբեր կոմերցիոն նախագծեր գործարկել, օրինակ Firefox OS-ը, կամ VPN-ի վճարովի ծառայությունը, սակայն ցավոք այդ նախագծերը առանձնապես լայն տարածում չեն գտնում։